Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico

Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու ջանքերը տապալվում  են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Եվ սա այն պահին, երբ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։ Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ գործընկերության նոր ծրագիրը՝ որպես հիմնական պատճառ նշելով իր  քաղաքացու բանտարկությունը։ Այս մասին Politico-ին  հայտնել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնց անունները չեն հրապարակվում։

Ի պատասխան՝ Թուրքիան արգելափակել է Հայաստանի ծրագրի զուգահեռ թարմացումը՝ ի նշան իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի հետ համերաշխության, նշել են աղբյուրները։

Կովկասյան երկու երկրները ձգտում են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների, ռազմական պատրաստության և այլ ոլորտներում, հայտնել են ՆԱՏՕ-ի հինգ դիվանագետներ։ Արդյունքում՝ երկու ծրագրերն էլ ավելի քան մեկ տարի է՝ անորոշ իրավիճակում են։

ՆԱՏՕ-ի շուրջ ամիսներ շարունակվող փակուղու հարցը նոր հրատապություն է ստացել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ֆրանսիան արգելափակել էր Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգումը։

Փարիզը հրաժարվել էր իր առարկությունից միայն այն բանից հետո, երբ Բրյուսելը չեղարկել էր միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Դրանից հետո Ադրբեջանն ազատ արձակեց մի քանի բանտարկյալների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացու։

Այժմ Ֆրանսիան ճնշումների է ենթարկվում Բաքվի հետ ՆԱՏՕ-ի ավելի սերտ կապերի վերաբերյալ իր վետոն հանելու համար՝ այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատ արձակեց բանտարկյալներին։

«Եթե նրանք չհանեն այդ վետոն, դա քաղաքական առումով խելամիտ քայլ չի լինի, և նրանք իրենց չեն դրսևորի որպես դաշնակից, որը գործում է դաշինքի շահերից ելնելով։ Հայաստանի համար դա շատ վտանգավոր է։ Մենք կարծում ենք, որ լավ է նրանց մոտ պահելը»,- ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։

ՆԱՏՕ-ի մեկ այլ դիվանագետ ասել է. «Հիասթափություն կա։ Դադարեցրեք ՆԱՏՕ-ն երկկողմ հարցերի համար օգտագործելը»։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին տարիներին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սառեցրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները և ձգտում են խորացնել կապերը Եվրոպայի հետ։ Երևանը սառեցրել է մասնակցությունը Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանական դաշինքին, ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցող օրենք, ի պատասխան՝ բախվել Մոսկվայի կողմից առևտրային սահմանափակումների ու կոշտ քննադատության։

Ֆրանսիան երկար ժամանակ սերտ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ, մինչդեռ Բաքուն տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը հակակշռելու համար ապավինել է Թուրքիայի հետ իր սերտ դաշինքին։

«Խնդիրը միանշանակ Թուրքիայի և Ֆրանսիայի կամ Թուրքիայի և Հայաստանի միջև վեճը չէ։ Մենք բավական երկար ժամանակ պատրաստ ենք միասին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ITPP փաստաթղթերը՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ հաստատել երկուսն էլ»,- ասել է թուրք պաշտոնյան։

ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերը, որոնք կոչվում են Անհատականացված գործընկերության ծրագրեր (Individually Tailored Partnership Programmes, ITPP), դաշինքի հիմնական գործիքն են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ քաղաքական երկխոսության և ռազմական համագործակցության համար։ Դրանք երկարաձգվում են չորս տարին մեկ, իսկ դրանց հավակնությունների մակարդակը կախված է գործընկեր երկրների՝ դաշինքի հետ ինտեգրվելու պատրաստակամությունից։

Երեք դիվանագետների խոսքով՝ ձգձգման պատճառով ՆԱՏՕ-ն ստիպված է եղել ժամանակավորապես երկարաձգել Հայաստանի և Ադրբեջանի՝ գործընկերության ժամկետանց ծրագրերը, թեև նոր ծրագրերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին էին հասել։ Նրանց խոսքով՝ նոր ծրագրերը հնարավորություն կտան երկու երկրներին մասնակցել համատեղ ռազմական զորավարժությունների, կընդլայնեն զինված ուժերի միջև ուսուցումն ու պատրաստությունը և կխորացնեն մշակութային համագործակցությունը՝ ընդհուպ մինչև տեղական մակարդակում անգլերենի դասընթացների կազմակերպում։

Ոմանք մտահոգված են, որ ձգձգումը կարող է նաև խոչընդոտել Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու ջանքերին՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնց Երևանը գնացել է իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանից հեռացնելու ճանապարհին։

«Սա մտահոգիչ է։ Մենք որոշ երկրների մոտ ակնկալիքներ ենք ստեղծում, այնուհետև չենք արդարացնում դրանք, ինչը կարող է դժգոհություն առաջացնել։ Այժմ, երբ երկու երկրների միջև խաղաղություն կա, ՆԱՏՕ-ի համար լավ հնարավորություն է՝ նրանց ավելի շատ մեր կողմը մղելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի երրորդ դիվանագետը՝ հավելելով, որ Բաքվին ու Երևանին դաշինքին ավելի մոտեցնելը կարող է օգնել ամրապնդել երկու երկրների միջև փխրուն խաղաղությունը։

ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի պատվիրակությունը հրաժարվել է լրատվամիջոցին մեկնաբանություն տալ։ ՆԱՏՕ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչությունները մեկնաբանության հարցմանը չեն պատասխանել։

ՆԱՏՕ-ի պաշտոնյան, որը խոսել է կազմակերպության անունից, հայտարարել է, որ դաշինքը «Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի հաստատված հարաբերություններ, որոնք հիմնված են քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության վրա»՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանական պլանավորումը, կրթությունը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելը։

«Մենք պատրաստ ենք առաջ մղել այս երկու գործընկերությունները»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment