Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ:
Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է այն փաստը, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք և այնտեղ ստեղծված են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ:
Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող թեմաների շուրջ: