Շաքիում կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է (PAN.am)

ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքիում կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Ավելի վաղ Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենց տուն մարդ է մտել և զենքով կրակել իր մայրիկի ոտքին։ Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին։

«Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

ԱԱԾ-ն հոկտեմբերի 1-ին հայտնել է, ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանի պաշտոնական կառույցների տվյալներով՝ զինծառայողն անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այդ մասին տեղեկացրել է հայկական կողմին սեպտեմբերի 29-ին: Ադրբեջանցի զինծառայողին տեղափոխել են Երևան:

Leave a comment