Սյունիքում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան:
Նա հավելել է, որ կնոջ տուժած երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը: Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-ասվում է գրառման մեջ:
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Դրանից հետո Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։