Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ


ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր. գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ աճող փոխգործակցությունը: 


Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքների շուրջ: 


Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: 


Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի:


 

Leave a comment