Պետական գույքի և Ջրային կոմիտեները կանվանափոխվեն (PAN.am)

Գործադիրը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով նախատեսվում է Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն անվանափոխել: Միաժամանակ նախատեսվում է դրանք նախարարության ենթակայությունից տեղափոխել կառավարության ենթակայություն։

Կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ առաջարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե, հայտնում է Radar.am-ը

«Մեծ առաջնահերթություններ կան 2026-2031 թթ. Կառավարության ծրագրում՝ ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, բոլոր ուղղություններով՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, ջրի մաքրման կայաններ։ Կան նաև գործառույթներ, որոնք այս պահին իրականացնում է Ջրային կոմիտեն, դրանց մի մասն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես՝ հողերի մշտադիտարկման, արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր կան, որոնք Էկոնոմիկայի նախարարության իրավասությունների տիրույթում են»,-ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է Պետական ակտիվների կառավարման կոմիտեի ստեղծմանը, Դավիթ Խուդաթյանը նշել է, որ փոփոխությունը հնարավորություն կտա պետական ակտիվների կառավարման կազմակերպական ենթակայությունը համապատասխանեցնել գործառութային ընդգրկմանը, ինչպես նաև պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականության իրականացման անհրաժեշտությանը։

Քննարկվող հարցին վարչապետն անդրադարձել է մեկ այլ տեսանկյունից. «Բացի կառավարումից, կա նաև մի ուրիշ խնդիր։ Գիտեք՝ հող ու ջուր մեր իրականության մեջ ամենաշատ օգտագործվող արտահայտություններից և ամենաշատ խմվող կենացներից մեկն է՝ «հող ու ջրի»։ Շատ կարևոր եմ համարում, որ պետական կառավարման համակարգում մեր գերատեսչությունների բրենդինգի մասին մտածելիս՝ չմոռանանք այն խնդիրը, որ մեր պետական ինստիտուտների հետ մեր քաղաքացիների էմոցիոնալ կապը շատ կարևոր է»։

Վարչապետը նկատել է, որ «Հողի և ջրի կոմիտե» անվանումն արտացոլում է նաև պետական մարմինների անվանումների և բրենդավորման վերաբերյալ նոր մոտեցումը:

«Մարդուն պետք է լինի հասկանալի, և այնտեղ, որտեղ հնարավոր է մարդու համար հոգեհարազատ անուն ունենա պետական գերատեսչությունը, մենք պետք է այդ խնդիրը նույնպես լուծենք»,-ասել է նա:

Որոշման բովանդակային մասին անդրադառնալով՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ, օրինակ, ոռոգման ջրի վերջնական հանգրվանը հողն է։

«Հողերի 90%-ի չմշակման պատճառը ուղղակի ջրի բացակայությունն է։ Այսինքն՝ մենք ջրի կառավարման խնդիրը չպետք է տարանջատենք հողի կառավարման խնդրից այս տրամաբանության մեջ։ Ջրի կառավարման ոլորտում մեր հարցը պետք է լինի հետևյալը՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է լինել տեսականորեն արդյունավետ գյուղատնտեսություն, մենք պետք է այդ տեղերում ջուր հասցնենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա»,-ասել է նա։

Leave a comment