Դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։Նա միջնորդել է նաև խափանման միջոցը պահպանել մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը, գրում է Panorama.am-ը:
Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, դատախազը չափազանց խիստ պատիժ է առաջարկում։
Նա նշել է, որ դատական պրակտիկայում չի գտել մի այսպիսի գործ, որի դեպքում նշանակվել է առավելագույն պատիժ։ Նա նկատել է՝ եթե դատախազի միջնորդությունը բավարարվի, ապա դա կնշանակի քաղաքական հակառակորդների մեկուսացում։
Ռուբեն Մելիքյանը նշել է, որ բողոքարկելու են վերդիկտը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի մոտ մեկ ժամից։
Ավելի վաղ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն «դտաում են խոսքի համար»:
«Այսօր ժամը 16:00-ին այն նույն դատարանի շենքում, որը 2019 թվականի մայիսի 20-ին շրջափակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, պետք է կայացվի դատավճիռ, որը պետք է կանխորոշի իմ քաղաքական և մարդկային հետագա ճակատագիրը։ Ինձ դատում են խոսքի համար, այն խոսքի, որ հնչել է Հայաստանի և Ադրբեջանի` մինչ օրս 1մմ սահմանազատում չիրականացրած սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առիթով»,-գրել է նա:
Էդգար Ղազարյանին ին վերագրվող 490-րդ հոդվածը նախատեսում է ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և ազատազրկում (2-5 տարի) պատժատեսակները: