ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կիսում է ԵԽԽՎ դիտորդական առաքելության հրապարակած զեկույցում տեղ գտած մտահոգությունները։ Նա հարցին անդրադարձել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք։ Այս պահին վերլուծում ենք առաջարկները, և կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Միաժամանակ վարչապետը նշել է, որ այս փուլում չի ցանկանում առավել մանրամասն անդրադառնալ զեկույցում տեղ գտած արձանագրումներին, քանի որ սպասում է հարցի վերաբերյալ փորձագիտական մակարդակով գնահատականներին։
Նրա փոխանցմամբ՝ ընտրություններից հետո կառավարությունն արձանագրել է ընտրական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ ստեղծված իրավիճակների կրկնությունը բացառելու կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնելու նպատակով։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: