Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:
«Նախորդ օրը մենք մեր էներգետիկ ոլորտի հնարավոր ներդրումներն էինք քննարկում և տարբեր տեղերից եկած ինֆորմացիան մեկտեղելով մենք կարող ենք արձանագրել, որ Վարդենիս խոշորացված համայնքը, ըստ էության, դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք առանց չափազանցության»,– ասել է նա, հայտնում է Հանրային ռադիոն:
Վարչապետն ընդգծել է, որ Վարդենիսի աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները բացառիկ հնարավորություններ են ստեղծում էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության համար։ Տարածաշրջանում առկա քամիների հզորությունն ու պարբերականությունը թույլ են տալիս հիմնել արդյունավետ հողմակայաններ։