Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5․5 կմ հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Ընկերությունը, պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը, տեղեկացրել է, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն ավարտվել է։
«Շինհավաքակցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի 4-րդ եռամսյակում»,– ասված է պատասխանում։
Ընկերության տվյալներով՝ գազատարի հատվածի տեղափոխման նպատակը Հայաստանի հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Անհրաժեշտությունը պայմանավորված է մայրուղային գազատարի տեխնիկական անբավարար վիճակով և դրա կապիտալ նորոգման հնարավորության բացակայությամբ։
«Գազատարի ուղեգծի փոփոխությունը բարձրացնելու է գազամատակարարման հուսալիությունը։ Աշխատանքների իրականացմամբ պայմանավորված գազամատակարարման խափանման ռիսկերը բացակայում են»,– ընդգծել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Նախագծի ֆինանսավորումն ու իրականացումը ստանձնել է վրացական կողմը։ Գազատարի տվյալ հատվածի տեղափոխման հարցը քննարկվել և համաձայնեցվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։
Մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5․5 կիլոմետրանոց հատվածը ՀՀ խնդրանքով տեղափոխվելու է։ Վրաստանից ձգվող գազատարը Հայաստանի բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը ռուսական գազն ստացել է Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։