Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը։ Նրան պաշտոնական բողոք է ներկայացվել Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսման համար։
Ի պատասխան՝ Ռուսաստանը կարտաքսի Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցների։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ հունգարացի դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։ Արտաքսվող անձանց կոնկրետ թիվը չի հրապարակվել։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունգարական իշխանությունների գործողությունները որակել է որպես «անհիմն և բացահայտ ոչ բարեկամական»։
Սեպտեմբերի 8-ին Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Անիտա Օրբանը հայտարարել էր ռուսական դիվանագիտական կորպուսի 10 աշխատակցի արտաքսման մասին։ Նրանք հայտարարվել էին «persona non grata» (անցանկալի անձինք) «Վիեննայի կոնվենցիային անհամատեղելի գործունեություն» ծավալելու պատճառով։ Այդ միջոցառումներն իրականացվել էին նաև Հունգարիայի անվտանգությունը և ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել էր կոշտ արձագանքել։ Կրեմլը հայտարարել էր, որ ռուս դիվանագետների արտաքսումը բացասաբար կանդրադառնա Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունների վրա։