Քննարկվել են Երևանում խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները

Մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու և երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավոր լուծումները քննարկվել են ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Շեշտադրվել է, որ խցանումները ոչ միայն բարդացրել են քաղաքացիների տեղաշարժը, այլև ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։

Խցանումները նվազեցնելուն միտված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ տարբեր լուծումներ են քննարկվել։

Կարճաժամկետ քայլերի շարքում մատնանշվել են երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ճանապարհային գծանշումների վերանայումը, ինչպես նաև երկրորդ շարքում և չթույլատրված հատվածներում մեքենաների կայանման պատճառով առաջացած խոչընդոտների վերացումն ու այլ միջոցներ։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում փոխնախարարը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Անդրադարձ է արվել մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծմանը։

Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը:

Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացումը խթանելուն ուղղված առաջարկներ։ Երկարաժամկետ ծրագրերի թվում առանձնացվել է նաև քաղաքային արդյունավետ պլանավորման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև արտակարգ իրավիճակների ժամանակ խցանումներից բխող հնարավոր ռիսկերին, մասնավորապես՝ տարհանման կազմակերպմանն ու ճանապարհային ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովմանը։

Leave a comment