Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում

Դահուկորդ Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթն իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում և 28 րոպե 33 վայրկյան արդյունքով 82-րդը տեղը զբաղեցրեց 111 մասնակցի մեջ։

Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Ֆրիդա Կարլսոնը, որին հաջորդեց նրա հայրենակից Էբա Անդերսոնը։ Բրոնզե մեդալին արժանացավ ամերիկացի Ջեսի Դիգինսը։

Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը մասնակցել էր նաև 20 կմ (10+10) սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևի մրցմանը, սակայն չէր կարողացել հատել եզրագիծը։ 33-ամյա դահուկորդը չորրորդ անգամ մասնակցեց ձմեռային Օլիմպիական խաղերին։ Նախորդ 3 մասնակցությունները եղել էին 2014, 2018 և 2022 թվականներին։

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա Միքայել Միքայելյանը։ Փետրվարի 13-ին Միքայելյանն ուժերը կփորձի 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Leave a comment