Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ անձի անունով ձևակերպված SIM–քարտերի վաճառքը

Բաժանորդագրվել

Խարդախներից պաշտպանվելու նպատակով կազմված օրենսդրական առաջին փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ձևակերպված SIM-քարտերի վաճառքը։ Նոր կարգավորումը կընդգրկվի կիբեռհանցագործության դեմ պայքարի նախաձեռնությունների երրորդ փաթեթում։ Այս մասին հայտնել են ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելքը թույլ կտա կանխել համացանցում այլ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար գրանցված հեռախոսահամարների ապօրինի վաճառքը:

«Հեռախոսային խաբեբաները չեն կարողանա անօրինական նպատակներով օգտագործել այլոց SIM քարտերը», – հայտարարել են նախարարությունում:

Կիբեռհանցագործների դեմ միջոցառումների երրորդ փաթեթն այժմ մշակման վերջնական փուլում է։ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի խոսքով՝ այն կպարունակի շուրջ 20 նախաձեռնություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն կդարձվի SIM-քարտերի օգտագործմամբ խարդախ սխեմաների դեմ պայքարին: Օրինագիծը նախատեսվում է ներառել Պետդումայի աշնանային նստաշրջանի օրակարգում։

Խարդախներից պաշտպանվելու առաջին օրենսդրական փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։ Այն ներառում է շուրջ 30 նախաձեռնություն, որոնք ներդրվում են փուլ առ փուլ։ Մասնավորապես, քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել հրաժարվել գովազդային SMS-ից և սպամ-զանգերից։

Բացի այդ, հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից պաշտպանվելու միջոցներում լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոր գործիքների թվում են «պետական ծառայությունների» տագնապի կոճակը, մուտքային միջազգային զանգերի վրա արգելափակում սահմանելու հնարավորությունը և բանկային քարտերի քանակի սահմանափակումները:

Leave a comment