Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Միջազգային ներդրումային երկրորդ ֆորումի ժամանակ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ՝ պնդելով, թե իր երկիրը դեռևս չի զգում կլիմայի փոփոխության հետևանքները։ Պարենային անվտանգության թեմայով քննարկման ընթացքում Ալիևն իր «արձանագրած» եզրահանգումները հիմնավորել է անձնական դիտարկումներով. «Ես ամեն ձմեռ դահուկ եմ քշում և տեսնում եմ, որ մեր լեռներում ձյան մակարդակը մնում է նույնը։ Հնարավոր է՝ ինչ-որ տեղ այն հալչում է, բայց ոչ Ադրբեջանում»։
Ադրբեջանի ղեկավարի այս պնդումը, սակայն, լիովին հակասում է հենց իր գլխավորած պետության պաշտոնական տվյալներին։ ՄԱԿ-ին ներկայացված Ադրբեջանի կլիմայական վերջին զեկույցներում հստակ արձանագրված է, որ երկիրը կանգնած է կլիմայական լուրջ ճգնաժամի առջև. առկա է ջրային ռեսուրսների սուր պակաս, նկատվում է Կասպից ծովի մակարդակի վտանգավոր անկում, իսկ երաշտներն ու ջերմաստիճանային ռեկորդները տարեցտարի ավելանում են։ Փորձագետների գնահատմամբ՝ Ալիևի փորձերը՝ սեփական դահուկասահքի տպավորություններով հերքելու գլոբալ տաքացումը, ընդամենը նպատակ ունեն նսեմացնելու երկրում առկա բնապահպանական ու ենթակառուցվածքային լուրջ խնդիրները։