Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացած երեք աշխատակիցներից 2-ն Իրանի քաղաքացի է, 1-ը` Հայաստանի, հայտնում է Sputnik Արմենիան:
«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,–հայտնել են լրատվամիջոցի թղթակցին:
Քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Panorama.am-ը:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է շինարարական աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու երեք դրվագով։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։