Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ

Քաղաքականություն

29.09.2026 | 16:39

Էստոնիան Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը ճանաչել է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով իրականացված դիվերսիոն գործողություն։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահկնան՝ հղում անելով Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության տվյալներին, գրում է Meduza-ն։

«Այս սաբոտաժի գործողությունն ամբողջ Եվրոպայում Ռուսաստանի ավելի լայն արշավի մասն է, որի նպատակն է վախեցնել մեզ և թուլացնել Ուկրաինային մեր աջակցությունը։ Մեր պատասխանը հակառակն է լինելու։ Մենք կավելացնենք Ուկրաինային աջակցությունն ու կուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի այն դադարեցնի իր ագրեսիան»,- հայտարարել է նա։

Սեպտեմբերի 29-ին Էստոնիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինը։

Կրեմլում Էստոնիայի իշխանությունների մեղադրանքները որակել են որպես «անհիմն, չմտածված, իրականությունը բացարձակապես չարտացոլող և որևէ փաստարկ չպարունակող»։

Շենքը հրկիզվել է օգոստոսի 15-ի գիշերը՝ Տալլինում գտնվող Բետոոնի փողոցում։ Հրդեհվել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքը։ Հրդեհն արագ մարվել է, ոչ ոք չէր  տուժել։ Գործի շրջանակում ձերբակալվել է երեք մարդ, որոնք բոլորն էլ Լատվիայի քաղաքացիներ են։

Milrem Robotics ընկերությունն արտադրում է անօդաչու ցամաքային ռազմական տեխնիկա։ Ընկերության արտադրանքը, մասնավորապես՝ THeMIS թրթուրավոր ռոբոտները, օգտագործում է Ուկրաինան։ 2022 թվականին Ռուսաստանը զինվորականներին երկու միլիոն ռուբլու պարգևատրում էր առաջարկել՝ ռազմաճակատից հետազոտությունների համար պիտանի THeMIS ռոբոտները գրավելու և տեղափոխելու դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment