Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին։
Վարչապետը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունները, իսկ համապատասխան որոշումը նախատեսվել է ընդունել առաջիկայում։
Փաշինյանը շեշտել է, որ վերջնական որոշումը բացառապես տնտեսական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, իրականացման ժամկետները և տրամադրվող երաշխիքները։
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ձևավորվել է կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ։
Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման վերաբերյալ առաջարկների ու դրանց իրականացման հնարավոր մեխանիզմների շուրջ։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցի և որ երկրի առաջարկը կընդունվի:
ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, փոխնախագահ Վենսն էլ հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն, Մոսկվայի արձագանքը չուշացավ. ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի: