Մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից ավելի քան 78 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել ու հիմնավորվել է, որ Հ.Գ.-ն Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ համաձայնության է եկել խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակելու շուրջ։ ՔԿ-ի տվյալներով՝ նրանք խմբի կազմում, քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվամբ համացանցում և սոցիալական հարթակներում գովազդներ են հրապարակել Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի վերաբերյալ։
Այդ նպատակով նրանք իրենց դիմած քաղաքացիների հետ մեքենաների ներմուծման պայմանագրեր են կնքել։ Ըստ նախաքննության՝ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չեն ունեցել և 2024 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել ու ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 78 մլն 352 հազար 210 ՀՀ դրամ, որը, ըստ ՔԿ-ի, հափշտակել են խարդախությամբ։
Նախաքննության ընթացքում երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, ինչպես նաև հայտարարվել է հետախուզում։ 13 դրվագով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել Հայաստան և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Հ.Գ.-ին վերաբերող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։