Սեպտեմբերի 25-ի պայթյունը՝ ռազմական գործողությունների հետևանք

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է։

Դատարանների արդեն ձևավորվող պրակտիկայում արձանագրվում է նաև պայթյունի և ռազմական գործողությունների միջև պատճառահետևանքային կապը։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է փաստաբան Անուշ Շահրամանյանը՝ ընդգծելով, որ ողբերգությունը տեղի է ունեցել Արցախում ստեղծված ծայրահեղ պայմաններում՝ ամիսներ շարունակված շրջափակումից և սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններից հետո։

Այդ օրերին Արցախում բնակչությունը փաստացի պաշարման պայմաններում էր։ Վառելիքի սուր պակասի, պատերազմի և ստեղծված խուճապի պայմաններում հազարավոր մարդիկ փորձում էին դուրս գալ Արցախից և փրկել իրենց ընտանիքներին։ Հենց այդ իրավիճակում էլ մարդիկ հավաքվել էին վառելիքի պահեստի մոտ, որտեղ տեղի ունեցավ ողբերգական պայթյունը։

Շահրամանյանի խոսքով՝ դատարանների մի շարք որոշումներով արդեն արձանագրվել է, որ պայթյունի հետևանքով անհետացած անձանց անհետացումը կապված է ռազմական գործողությունների հետ։ Այսինքն՝ նրանց կարգավիճակը դիտարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ բացակայելու համատեքստում։

«Այստեղ կարևոր է պատճառահետևանքային կապը․ մարդիկ անհետացել են ոչ թե որևէ սովորական պայմաններում, այլ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակում։ Նույնը վերաբերում է նաև սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհված զինծառայողներին»,– ասել է Անուշ Շահրամանյանը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն շուրջ տասը դատական ակտ կա, որոնցում դատարաններն անդրադարձել են այս կապին։ Առանձին գործերով դատարանները նաև անվավեր են ճանաչել Պաշտպանության նախարարության կողմից ընտանիքների դիմումները մերժելու վերաբերյալ որոշումները։

Ըստ Շահրամանյանի՝ ձևավորվող դատական պրակտիկան կարևոր հիմք է նաև զոհված զինծառայողների ընտանիքների՝ «Զինապահի» շահառու ճանաչվելու հարցում։ Եթե հարցը պետության կողմից չկարգավորվի արտադատական ճանապարհով, ընտանիքները կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։

Սեպտեմբերի 25-ի ողբերգությունից երեք տարի անց, փաստորեն, ձևավորվում է իրավական հիմք՝ այդ օրը տեղի ունեցածը դիտարկելու ոչ թե որպես պատերազմական իրավիճակից առանձին դեպք, այլ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմանների հետ պատճառահետևանքային կապ ունեցող ողբերգություն։

Leave a comment