Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ կանցկացվեն (PAN.am)

Երևանի քաղաքապետարանը հանրային լսումներ է նախաձեռնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի և ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00–17։00-ն։

Լսումների նպատակն է մասնակիցներին պարզաբանել որոշման նախագծի բովանդակությունն ու դրան հաջորդող գործընթացները, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Հանրային լսումներին մասնակցելու հնարավորություն ունեն ծրագրի ազդեցության տակ հայտնվող գույքերի սեփականատերերը, գույքային իրավունքներ ունեցող անձինք, ինչպես նաև մյուս շահագրգիռ քաղաքացիները։

Հանդիպումը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենքում։

Լսումների ընթացքում ներկայացվելու է «Աջափնյակ» մետրոյի կայարանի հանրային ներդրումային ծրագիրը, հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացման ընթացակարգերն ու մեխանիզմները և փոխհատուցումների կարգավորումները։ Մասնակիցներին պարզաբանվելու են նաև դիմումներ ներկայացնելու և հետադարձ կապ ապահովելու մեխանիզմները։ Նրանք հնարավորություն են ունենալու հարցեր բարձրացնել, առաջարկություններ ներկայացնել և դիտարկումներ հայտնել։

Հանրային լսումներին մասնակցելու երկու տարբերակ է նախատեսվել։

Առաջին տարբերակով հնարավոր է անձամբ ներկա գտնվել քննարկմանը։ Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հղմամբ:

Գրանցման հնարավորությունը բաց է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 18։00-ն։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևանմուշը կամ կապ հաստատել կոնտակտային անձի հետ։

Երկրորդ տարբերակով հնարավոր է դիմել գրավոր։

Այն անձինք, որոնք չեն կարող անձամբ ներկա գտնվել քննարկմանը, որոշման նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը, հարցումը կամ առաջարկությունները կարող են գրավոր ներկայացնել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գրավոր դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք պահանջներ։ Նամակի «Առարկա» դաշտում պետք է նշել՝ «Աջափնյակ մետրո։ Գերակա շահ»։ Նամակի տեքստում՝ հիմնական բովանդակությունից հետո, անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի անուն-ազգանունը, ինչպես նաև հետադարձ կապի նախընտրելի եղանակն ու համապատասխան տվյալները։ Նամակին պետք է կցվի նաև անձը հաստատող փաստաթուղթ։

2026 թվականի հոկտեմբերի 9-ից հետո ստացված գրավոր դիմումները հանրային լսումների գործընթացի շրջանակում չեն քննարկվելու։

Առանց նախնական գրանցման քաղաքապետարանի շենք մուտք գործելու հնարավորություն չի լինելու։ Լսումների օրը վարչական շենք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի բացակայության դեպքում մուտքը չի թույլատրվելու։

Քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ գործելու է հատուկ պահպանության ռեժիմ։ Բնապահպանական պատասխանատու գործելաոճին հետևելու նպատակով քննարկման ընթացքում տպագիր նյութեր չեն տրամադրվելու։

Ծրագրի իրականացումն ստանձնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։

Leave a comment