Հանքարդյունաբերական ծրագրերի դեմ պայքարում համայնքների հաջողության գլխավոր գրավականը խնդրի հանրայնացումն է, լրատվամիջոցների ներգրավումն ու տնտեսվարողների «գեղեցիկ խոստումներին» չտրվելը։ Այս մասին «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Կորիզ Այգեզարդ» երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ նախագահ, էկոակտիվիստ Արփինե Խաչատրյանը։
Բանախոսը ներկայացրեց Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերական նախաձեռնությունների դեմ Այգեզարդ և Գինեվետ գյուղերի համատեղ պայքարի փորձը։ Նրա խոսքով՝ հանրային լսումների մասին բնակչությունը հաճախ տեղեկանում է վերջին պահին, իսկ մասնակցությունն ապահովվում է վարչական ռեսուրսի միջոցով։
«Լսումներին հիմնականում ներկա էին կանայք, բայց ոչ թե նրա համար, որ նրանց խոսքին տեղ են տալիս, այլ որովհետև օգտագործվում էր վարչական ռեսուրսը՝ բերվել էին դպրոցների, արվեստի դպրոցի, բուժհաստատությունների աշխատակիցները, ինչը մասնակցայնության կոպիտ խախտում էր»,- ասաց նա։
Բնապահպանը կոչ արեց բոլոր համայնքների ակտիվիստներին դիմել պայքարի բոլոր հնարավոր օրինական միջոցներին։
«Ոչ մի խոստման չհավատաք։ Որպես կանոն, հանքարդյունաբերողները համայնքներ են գալիս խոստումների շատ գեղեցիկ փաթեթով։ Պետք է լսել և համագործակցել այնպիսի մասնագետների ու փաստաբանների հետ, որոնք իրականությունը կներկայացնեն»,- ընդգծեց Խչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան