ԵԽԽՎ զեկույցը և իրականությունը․ ինչո՞ւ է Արևմուտքն աչք փակում ընտրական խախտումների վրա

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության հրապարակած վերջնական զեկույցը, որին ակտիվորեն անդրադառնում են իշխանական շրջանակները, լուրջ տարակուսանք ու մասնագիտական քննարկումներ է հարուցում իրավապաշտպան և քաղաքագիտական համայնքում։ Իշխանության ներկայացուցիչները գոհունակությամբ շրջանառում են զեկույցի այն ձևակերպումները, որոնց համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները լավ են կազմակերպված եղել, իսկ ձևավորված իշխանությունը «ժողովրդից ստացել է հստակ մանդատ»։

Իշխող թևը փորձում է առաջ մղել այն թեզը, թե միջազգային դիտորդներն արձանագրել են «ժողովրդավարական դիմակայունություն»՝ ընտրությունների վրա առկա արտաքին տեղեկատվական ու տնտեսական ճնշումների ֆոնին։ Սակայն իրականությունը, որն ուղեկցել է ընտրական գործընթացը, էապես տարբերվում է պաշտոնական հայտարարությունների շպարված պատկերից։

Ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար մրցակցային պայմաններում։ Իշխանության ներկայացուցիչների կողմից փաստացի քարոզարշավը սկսվել էր օրենքով սահմանված ժամկետներից շատ ավելի վաղ՝ պետական ապարատի լայնածավալ ռեսուրսների ներգրավմամբ։ Վարչական ռեսուրսների չարաշահման ցայտուն օրինակ էր նախընտրական շրջանում բյուջեով նախապես չպլանավորված կենսաթոշակների բարձրացումը, ինչը փորձագիտական համայնքի կողմից որակվեց որպես ընտրողների վրա անուղղակի ազդեցության գործիք։ Նույն տրամաբանության մեջ դիտարկվեց նաև առողջապահական համապարփակ ապահովագրության շուրջ աղմկոտ նախընտրական խոստումը, որը, ինչպես և սպասվում էր, ընտրությունների ավարտից անմիջապես հետո փաստացի տապալվեց։ Սրան գումարվեցին նաև նախընտրական փուլում տուգանային միավորներով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական վկայականները վերադարձնելու ու կուտակված տույժերը ներելու մասին Նիկոլ Փաշինյանի խոստումները, որոնց լիարժեք իրագործումը նույնպես հետընտրական շրջանում բախվեց լուրջ խոչընդոտների։

Սոցիալ-տնտեսական լծակների կիրառմանը զուգահեռ՝ քաղաքական դաշտում ձևավորվել էր խիստ լարված մթնոլորտ։ Ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու ճնշումները կրում էին համակարգված բնույթ։ Ամենախոշոր ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավար Սամվել Կարապետյանը նախընտրական փուլում նախ գտնվում էր անազատության մեջ՝ կալանքի տակ, իսկ հետագայում խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, ինչը զգալիորեն սահմանափակեց նրա քաղաքական գործունեությունը։ Քաղաքական հետապնդումների համատեքստում իրավապաշտպանների ու հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները։

Իշխանության կողմից կազմակերպված բուն ընտրությունների օրը ևս ուղեկցվեց իշխող թևի կողմից իրականացված բազմաթիվ ընտրական իրավախախտումներով․ արձանագրվեցին դեպքեր, երբ զինծառայողներին կազմակերպված խմբերով ուղղորդում էին տեղամասեր, իսկ քվեարկության գործընթացը որոշ տեղամասերում արհեստականորեն ձգձգվում էր մինչև ուշ գիշեր։

Իշխանության կազմակերպած այս մասսայական իրավախախտումների և հետընտրական վերահաշվարկի ընթացքում արձանագրված միջամտությունների արդյունքում փաստացի յուրացվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները։ Նախնական հաշվարկներով Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը հաղթահարում էր անցողիկ 4%-ի շեմը (ստանալով շուրջ 58,378 քվե), սակայն իշխանական վարչարարության, վերահաշվարկների և առանձին տեղամասերում արձանագրված ընտրական արդյունքները չեղարկելու արդյունքում ԲՀԿ-ի արդյունքը նվազեցվեց մինչև 3,996%։ Ընդամենը 60 քվեի արհեստական պակասորդի պատճառով կուսակցությունը զրկվեց խորհրդարան անցնելու հնարավորությունից։ Ընդդիմադիր դաշտում սա որակվեց որպես իշխանական համակարգված ապօրինությունների հետևանքով Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժից ձայների գողություն, ինչի շնորհիվ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը յուրացրեց խորհրդարանական լրացուցիչ մանդատները։

Ընտրական գործընթացի կասկածելի լեգիտիմությունն էլ ավելի ընդգծվեց քվեարկության ավարտին հաջորդած իրադարձություններով։ Դեռևս ձայների պաշտոնական հաշվարկը չսկսված՝ Նիկոլ Փաշինյանը վարչախմբի հետ միասին շտապեց իր քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարել ընտրությունների հաղթող և հենց այդ նույն հայտարարության ընթացքում խոստացավ պատժել ընդդիմադիր առաջնորդներին։ Հատկանշական էր նաև այն, որ դեռևս ընտրական գործընթացն ու ձայների հաշվարկը չավարտված՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն շնորհավորական ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ նրա կուսակցության գրանցած «հաջողության» կապակցությամբ, ինչը լրացուցիչ հարցականներ առաջացրեց գործընթացի կանխորոշված լինելու վերաբերյալ։

Արդեն հետընտրական փուլում իշխանությունն անցավ իր խոստացած պատժիչ գործողություններին․ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարանում և օբյեկտներում իրավապահ մարմինները հատուկ գործողություններ իրականացրեցին, ինչից հետո նա ձերբակալվեց։ Ուժայինների իրականացրած գործողությունների տեսագրությունների հանրայնացումը լուրջ քննադատության արժանացավ իրավապաշտպանների կողմից։

Այս ամենի ֆոնին առաջացող հիմնական հարցադրումն այն է, թե ինչու է միջազգային դիտորդական առաքելությունը նախընտրում չնկատելու տալ վարչական լծակների լայնածավալ գործադրումն ու ընդդիմադիր դաշտի նկատմամբ համակարգված ճնշումները։ Խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ նման կեցվածքը պայմանավորված է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ։

Միջազգային դերակատարների համար ներկայիս տարածաշրջանային ու դիվանագիտական վերադասավորումների փուլում առանցքային նշանակություն ունի քաղաքական միջավայրի կանխատեսելիությունն ու ստատուս քվոյի պահպանումը։ Գործող իշխանությունը դիտարկվում է որպես առավել ընկալելի ու հասկանալի գործընկեր ընթացող բանակցային ու աշխարհաքաղաքական գործընթացներում, ինչի պատճառով արտաքին դիտորդները հակված են աչք փակել ներքին ժողովրդավարական ստանդարտների խաթարման վրա։ Նման ռազմավարական առաջնահերթությունների պայմաններում միջազգային կառույցները «ժողովրդավարական դիմակայունության» ձևակերպմամբ լեգիտիմացնում են անհավասար մրցակցային պայմաններում ձևավորված քաղաքական մանդատը՝ ստվերում թողնելով բուն ընտրական գործընթացի անհամաչափությունն ու իրավական խնդիրները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միջազգային դերակատարների համար ներկայիս տարածաշրջանային ու դիվանագիտական վերադասավորումների փուլում առանցքային նշանակություն ունի քաղաքական միջավայրի կանխատեսելիությունն ու ստատուս քվոյի պահպանումը։ Գործող իշխանությունը դիտարկվում է որպես առավել ընկալելի ու հասկանալի գործընկեր ընթացող բանակցային ու աշխարհաքաղաքական գործընթացներում, ինչի պատճառով արտաքին դիտորդները հակված են աչք փակել ներքին ժողովրդավարական ստանդարտների խաթարման վրա։ Նման ռազմավարական առաջնահերթությունների պայմաններում միջազգային կառույցները «ժողովրդավարական դիմակայունության» ձևակերպմամբ լեգիտիմացնում են անհավասար մրցակցային պայմաններում ձևավորված քաղաքական մանդատը՝ ստվերում թողնելով բուն ընտրական գործընթացի անհամաչափությունն ու իրավական խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment