Տիեզերագնաց Կիվիրյանը կմասնակցի SpaceX Crew-14 առաքելությանը (PAN.am)

NASA-ն հրապարակել է SpaceX Crew-14 առաքելության անձնակազմի կազմը, որում ընդգրկվել է նաև «Ռոսկոսմոսի» հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը, հայտնում է NASA-ն:

Առաքելությունը 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան: Սա Կիվիրյանի առաջին թռիչքն է Միջազգային տիեզերակայան։ Երկարատև գիտական առաքելության շրջանակում նրան կմիանա ևս երեք տիեզերագնաց՝ երկու տարբեր տիեզերական գործակալություններից, գրում է Արմենպրեսը:

Այս առաքելությունը կլինի SpaceX-ի հետ համատեղ իրականացվող կոմերցիոն անձնակազմի 14-րդ ռոտացիան՝ Երկրի ցածր ուղեծրի NASA-ի ծրագրի շրջանակում։ Անձնակազմը կիրականացնի գիտական հետազոտություններ և կփորձարկի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Լուսնի և Մարսի ապագա հետազոտական առաքելություններին։

Հարություն Կիվիրյանը 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական դպրոցը, այնուհետև սովորել Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 2015 թվականին նա ստացել է հրթիռային ինժեների գիտական աստիճան, ինչպես նաև անցել է համակարգչային կառավարմամբ հաստոցների շահագործման ուսուցում։

2021 թվականին Կիվիրյանն ընդգրկվել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների ուսումնական կենտրոնի տիեզերագնացների կորպուսում։ 2023 թվականից նա ծառայել է որպես փորձարկող տիեզերագնաց։

Ավելի քան 25 տարի մարդիկ անընդհատ ապրել և աշխատել են Միջազգային տիեզերակայանում՝ ընդլայնելով գիտական գիտելիքները և կատարելով այնպիսի հետազոտություններ ու հայտնագործություններ, որոնք հնարավոր չէր իրականացնել Երկրի վրա։ Տիեզերակայանն օգնում է NASA-ին հասկանալ և հաղթահարել մարդու՝ տիեզերք թռիչքի հետ կապված մարտահրավերները, ընդլայնել Երկրի ցածր ուղեծրում առևտրային գործունեության հնարավորությունները և հիմք ստեղծել Լուսին երկարաժամկետ առաքելությունների համար՝ «Արտեմիս» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մարս ապագա առաքելությունների համար։

Leave a comment