Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող բոլոր շինծու դատավարություններն ի սկզբանե նպատակ են հետապնդել հիմքեր նախապատրաստել հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթացներ սկսելու համար։ Այս մասին «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի և մարդասիրական հարցերով փորձագետ Տարոն Սիմոնյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմի առաջադրած ամբողջ մեղադրանքը կառուցված է այն թեզի վրա, թե, իբր, Արցախի Հանրապետությունը «ահաբեկչական կազմակերպություն» է եղել, որը ֆինանսավորվել և ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության կողմից։

«Հենց այս տրամաբանության շրջանակներում են անձանց մեղադրանքներ ներկայացվել։ Ռուբեն Վարդանյանի գործով հսկայածավալ փաստաթղթերի սկզբնական հատվածը՝ մի քանի հարյուր էջ, ընդամենը նվիրված է 1988 թվականից մինչև 90-ականների վերջ տեղի ունեցած իրադարձություններին։ Դա ներկայացվում է որպես մեկ կազմակերպության կողմից իրականացված գործողություն, որը վերագրվում է Արցախի իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի կամ նույնիսկ քաղաքացիներին։ Այսինքն՝ նրանք, ովքեր որևէ կերպ մասնակցել են Արցախի կառավարմանը կամ նույնիսկ ընտրություններին, ըստ ադրբեջանական կողմի, դառնում են «ահաբեկչական կազմակերպության» մասնակիցներ»,- ընդգծեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ գործընթացի գլխավոր թիրախը հենց Հայաստանի Հանրապետությունն է, որպեսզի հետագայում Երևանին մեղադրեն «հանցագործության կազմակերպիչ և խթան» լինելու մեջ՝ Արցախը դիտարկելով որպես գործիք։

Տարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև դատական ակտերի և մեղադրական եզրակացությունների բացահայտ անփութություններին ու իրավական կոպիտ սխալներին։

«Իրավաբանը, երբ կարդում է այդ փաստաթղթերը, ակնհայտ պրոբլեմներ է տեսնում։ Օրինակ՝ անձին վերագրում են ռեցիդիվի հոդված, մինչդեռ նույն դատավճռում նշված է, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Կամ մի հոդվածով մեղադրանք են առաջադրում, իսկ վերջում բոլորովին այլ հոդվածով պատիժ նշանակում։ Ադրբեջանական դատական իշխանությունն իրեն այնքան ամենաթողության մեջ է զգում, որ նման ակնհայտ տեխնիկական և բովանդակային խախտումներով է կազմում փաստաթղթերը, ինչը, իհարկե, մեկնաբանվում է ի վնաս մեր հայրենակիցների»,- ասաց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment