Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

28.09.2026 | 12:20

Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթաբազայում։ Այս մասին հայտնել են ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները։ Astra-ն պարզել է, որ խոսքը Նովոտիտարովսկայա կայանում գտնվող «Էդելվեյս 95» նավթաբազայի մասին է։ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի մեծածախ առևտրով, այդ թվում՝ ԱԻ-92, ԱԻ-95 և ԱԻ-100 բենզինի։

Նավթաբազայում կարելի է պահել մինչև 4500 խորանարդ մետր վառելիք։ Ընկերության կայքում նշվում է, որ այն գործում է ավելի քան 30 տարի և վառելիքը գնում է անմիջապես Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից։

Տեղի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նավթաբազայի վրա հարձակման մասին տեղեկությունը։

2026 թվականին Ուկրաինան ուժեղացրել է ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումները։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն, որոնք մեջբերում է Reuters-ը, տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները հաջող հարձակումների են ենթարկվել միջինը երեք օրը մեկ։

Հունիսին Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալը 2025 թվականի նույն ամսվա համեմատ նվազել է մոտ 30%-ով՝ հասնելով 2004 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Բենզինի արտադրությունը նվազել է մոտ մեկ հինգերորդով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment