Ղազախստանի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից 14 զինծառայողի զոհվելուց հետո

Ղազախստանի պրեզիդենտի հրամանագրով Դաուրեն Կոսանովն ազատվել է պաշտոնից զորավարժությունների ընթացքում 14 զինծառայողի ողբերգական զոհվելու հետևանքով։ Երկրի ռազմական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Այդոս Միրզախմետովը, ով ազատվել է նախկինում զբաղեցրած պաշտոնից։

Բարձրաստիճան պաշտոնանկությունը հաջորդել է Մանգիստաուի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարին։ Սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ափամերձ գոտում Ղազախստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ 17 զինծառայող հայտնվել էր ջրում։ Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով նրանց քշել էր բաց ծով։ Երեք հոգու հաջողվել է փրկել, իսկ մնացած 14 զինծառայողները զոհվել են․ նրանք 19-ից 23 տարեկան երիտասարդներ էին։

Երկրի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը սեպտեմբերի 25-ը հայտարարել էր համազգային սգո օր և հանձնարարել հատուկ հանձնաժողով ձևավորել՝ Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակն ու զորքերի պատրաստվածությունը համալիր ստուգման ենթարկելու համար։

Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Քննության շրջանակներում արդեն ձերբակալվել են Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, երկու զորամասերի հրամանատարներ, ծովային հետևակի վաշտի հրամանատարն ու մարտական կատերի հրամանատարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment