«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի». Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 78-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայի անուն է հայտնվել կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների շարքում։

Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի թեկնածությունն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։

Իր առաջադրման մասին Թամամյանը հայտնել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ ցուցաբերած վստահության համար։

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել մի երկրի կողմից, որն ունի տոկունության և առաջընթացի այդքան հզոր պատմություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Բոտսվանան աշխարհին ցույց է տվել, թե ինչի կարող է հասնել վճռական ազգային առաջնորդությունը՝ առողջապահական բացառիկ մարտահրավերների պայմաններում։

Առաջադրման հիմքում Թամամյանի մասնագիտական ճանապարհին մշտապես ուղեկցած խնդիրներից մեկն է՝ առողջապահական հնարավորությունների անհավասարությունը։

Տարիներ շարունակ աշխատելով մանկական ուռուցքաբանության ոլորտում՝ նա տեսել է ոչ միայն ժամանակակից բժշկության հնարավորությունները, այլև այն խոր անհավասարությունը, որի պատճառով նույն ախտորոշմամբ երկու երեխաների ճակատագրերը կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե աշխարհի որ կետում են նրանք ծնվել։

«Ես տեսել եմ երեխաների, որոնք ապրել են, երբ քչերն էին հավատում, որ նրանք կապրեն։ Եվ տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- գրել է Թամամյանը։

Այդ փորձն է ձևավորել նաև նրա թեկնածության առանցքային ուղերձներից մեկը՝ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»։

Թամամյանի հայտարարության մյուս առանցքային շեշտադրումը վստահությունն է՝ վստահությունն ԱՀԿ-ի և ընդհանրապես միջազգային առողջապահական կառույցների նկատմամբ։

Նա հիշում է, որ մեծանալիս «recommended by WHO»՝ «ԱՀԿ-ի կողմից խորհուրդ է տրվում» նշումն իր համար վստահություն էր նշանակում։

Այսօր, երբ աշխարհը բախվում է ապատեղեկատվության տարածման և ինստիտուտների նկատմամբ վստահության նվազման հետ, նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ապահովել, որ աշխարհը շարունակի ունենալ ուժեղ ԱՀԿ՝ ավելի ճկուն, ավելի արդյունավետ և այսօրվա իրողություններին ավելի համապատասխան։

Հենց այս գաղափարի շուրջ է նա ձևակերպում կազմակերպության ապագայի իր տեսլականը։

«Իմ տեսլականը հստակ է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որն արդյունք է ապահովում՝ ավելի արագ, ավելի արդյունավետ և անդամ պետությունների հետ իրական գործընկերությամբ, որպեսզի առողջապահության առաջընթացը հասնի յուրաքանչյուր մարդու՝ ամենուր»,- հայտարարել է Թամամյանը։

Առաջիկա ամիսներին նա նախատեսում է հանդիպել, լսել և երկխոսել ԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ աշխարհի բոլոր տարածաշրջաններում։

Իր հայտարարության մեջ Թամամյանը նաև ընդգծել է, որ իր համար պատիվ է այս գործընթացին մասնակցել մյուս թեկնածուների հետ, որոնցից յուրաքանչյուրը, նրա խոսքով, կարևոր փորձ և տեսակետ է բերում ԱՀԿ ապագայի շուրջ քննարկմանը։

ԱՀԿ գործող գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի երկրորդ և վերջին ժամկետն ավարտվում է 2027 թվականի օգոստոսի 15-ին։ Հաջորդ գլխավոր տնօրենի ընտրության գործընթացը մեկնարկել է 2026 թվականին։

ԱՀԿ Գործադիր խորհուրդը թեկնածուներից կառաջադրի մինչև երեքին, որից հետո վերջնական ընտրությունը կկատարի Առողջապահության համաշխարհային ասամբլեան՝ գաղտնի քվեարկությամբ։

Նորընտիր գլխավոր տնօրենը պաշտոնը կստանձնի 2027 թվականի օգոստոսի 16-ին։

Leave a comment