Եթե պարտապանը կյանքից հեռացել է, ինչ պարտավորություն է ունենում ժառանգը

Եթե պարտապանը մահանում է, պարտք չի վերանում։ Օրենքի համաձայն՝ ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն։

Համապատասխան կարգավորումները սահմանված են «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սա կարգավորվում է նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով։

«Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածով հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։ Եթե պարտավորությունն իր բնույթով չի թույլատրում իրավահաջորդություն, ապա 60-րդ հոդվածով վարույթը կարճվում է, և կիրառված հարկադիր կատարման միջոցները վերացվում են։

Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքն անփոփոխ վիճակում՝ որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց՝ համապարփակ իրավահաջորդության կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով։

Օրենսգրքի 1186-րդ հոդվածով ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները։ Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ ալիմենտային պարտավորություններով իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքներն ու այլ ոչ նյութական բարիքները, նաև այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով։

Ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ կատարողական վարույթից մասնակցի դուրս գալու դեպքում, ներառյալ մահվան, հարկադիր կատարողն իր որոշմամբ նրան փոխարինում է իրավահաջորդով։ Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարված գործողություններն իրավահաջորդի համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավանախորդի համար։

Ժառանգին գտնելու համար բացի հարկադիր կատարողից կարող ներգրավել նաև նոտարները, որոնք փոխանակում են տեղեկություններ մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, ժառանգության ընդունման, ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների և ժառանգական գույքի կազմի մասին։ Տվյալները փոխանցվում են էլեկտրոնային եղանակով։

Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով մահացած պարտապանի ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ նրանց գույքի և եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ ինչպես ժառանգությամբ անցած, այնպես էլ ժառանգների այլ գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով։

Պարտատերը կարող է պահանջը ներկայացնել ցանկացած ժառանգի։ Վերջինս չի կարող կորցնել ավելին, քան ստացել է։

 Օրենքի 68-րդ հոդվածով հարկադիր կատարողը պարտապանի իրավահաջորդին ուղարկում է նույն ծանուցումը, ինչ պարտապանին՝ իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ։ Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրում պարտավոր է նշել նաև, թե որ գույքն է ժառանգությամբ ստացել իրավանախորդից։ Առաջին հայտարարագիրը ներկայացվում է ծանուցումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում։

Օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ վարույթն ավարտվում է, երբ ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի և եկամուտների վրա տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները։ Այդ դեպքում կիրառված հարկադիր կատարման միջոցները վերացվում են։

Եթե մահանում է ոչ թե պարտապանը, այլ պարտատերը, ապա վարույթը կասեցվում է։ Օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ եթե պարտատիրոջ մահից հետո մեկ տարվա ընթացքում միջնորդություն չի ներկայացվում նրան իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ, վարույթն ավարտվում է։

Եթե պարտավորությունը երաշխավորված է, և երաշխավորը կրում է սուբսիդիար, այսինքն՝ լրացուցիչ պատասխանատվություն, օրենքի 86-րդ հոդվածով նրա գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածվում է միայն որոշակի պայմանների առկայության դեպքում։ Դրանցից մեկը հենց հիմնական պարտապանի մահն է, եթե չկա արգելադրված գույք։

Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ և 1186-րդ հոդվածներով ժառանգությունն անցնում է որպես միասնական ամբողջություն՝ ներառյալ գույքային պարտականությունները, ուստի պարտապանի մահից հետո կատարողական վարույթը կասեցվում է, ապա շարունակվում է ժառանգի նկատմամբ, ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, բռնագանձումը տարածվում է նաև նրանց սեփական գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան իրենց անցած ժառանգական գույքի շուկայական արժեքը։

Leave a comment