«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենին տրանսպորտ տրամադրելու որոշումը կապել է իր նախաձեռնության հետ

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրին տրանսպորտ է հատկացվելու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ պնդելով, որ իրենք են իշխանություններին ստիպել նման որոշում ընդունել։

Օրեր առաջ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցության պատգամավորները որոշել են Անկախության օրվա կապակցությամբ ստացած պարգևավճարներն ուղղել Տիգրանաշենում մի շարք ծրագրերի իրականացմանը։ Դրանց թվում նախատեսվել է գյուղմթերքի շուկայի գործարկում, նոր խաղահրապարակի կառուցում, երեխաներին դպրոց տեղափոխելու և մարզկենտրոն հասնելու համար ավտոբուսի ձեռքբերում և այլ նախաձեռնություններ, հայտնում է Sputnik Արմենիան:

Պատգամավորների պնդմամբ՝ դրանից հետո է հայտնի դարձել, որ իշխանությունները որոշել են Տիգրանաշենին տրանսպորտ հատկացնել։

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ որոշել են Տիգրանաշենում տարբեր ծրագրեր իրականացնել՝ բնակավայրը զարգացնելու և զբոսաշրջային կենտրոն դարձնելու նպատակով՝ շեշտելով, թե թույլ չեն տալու Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին։

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, խմբակցության պատգամավորները Տիգրանաշենում նաև ծառատունկ են իրականացրել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ԱԺ-ում անդրադարձել է Արարատի մարզի Տիգրանաշեն հայկական գյուղին։ Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ անկլավների և էքսկլավների հարցերը դեռևս մանրամասն չեն քննարկվել, սակայն դրանք պետք է լուծվեն խաղաղության, այլ ոչ թե հակամարտության տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ դա նշանակում է գործել երկու հանրապետությունների բնակիչների շահերից ելնելով՝ նրանց համար լրացուցիչ բարդություններ չստեղծելով։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանի և Բաքվի համաձայնեցրած սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ։

Leave a comment