Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների շուրջ բանակցությունների օգտին

Վաշինգտոնում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի պետական ​​այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններ անցկացնելու օգտին՝ ցանկանալով ներգրավել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ երեք խոշոր տերությունների միջև երկխոսության կարևորությունը։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցներ են եղել և ուս-ուսի տված պայքարել հաղթանակի հասնելու համար»։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Անցյալ աշնանը Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պահպանել պայմանագրովսահմանափակումները դրա ժամկետի ավարտից հետո ևս առնվազն մեկ տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 5-ը, եթե Վաշինգտոնը նույնն անի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի համար անբարենպաստ պայմաններով և կոպտորեն խախտվել է։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ գործող պայմանագիրը երկարաձգելու փոխարեն անհրաժեշտ է նոր համաձայնագիր կնքել։

Անցյալ տարվա նոյեմբերին Թրամփը նշել էր, որ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գուցե նախապատրաստում են «միջուկային զինաթափման ծրագիր»։ Դրանից կարճ ժամանակ առաջ նա հայտարարել էր, որ ի պատասխան այլ երկրների իրականացրած փորձարկումների՝ հանձնարարել է Պենտագոնին սկսել միջուկային փորձարկումներ՝ «հավասար հիմունքներով»։

Ի պատասխան՝ Կրեմլը հայտարարել էր, որ պարզաբանումների է սպասում՝ նշելով, որ «ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չեն վերսկսել միջուկային փորձարկումները»։ Պուտինը նախազգուշացրել էր, որ Մոսկվան կդիմի «համարժեք գործողությունների», եթե միջուկային զենք ունեցող այլ պետություններ փորձարկումներ իրականացնեն, և հանձնարարել արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը և անվտանգության մարմիններին՝ գնահատել նման փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը։

Leave a comment