Դատախազության հայցով Արմավիրի համայնքային հողամասը կվերադարձվի համայնքին (PAN.am)

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցերից մեկը, որը վերաբերում է Արմավիր համայնքին պատկանող հողատարածքի աճուրդի անվավեր ճանաչմանը։ Հողամասը կվերադարձվի համայնքին

Արմավիրի քաղաքապետն ու նրա տեղակալը, առանց համայնքի ավագանու՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման վերաբերյալ որոշման, 2006-2009 թվականներին տարբեր անձանց օտարել են Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից առանձնացված 18 հողատարածք։

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրան զուգահեռ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իր լիազորության շրջանակում, 18 հողատարածքների առնչությամբ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։

Հայցերից մեկը վերաբերել է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջին։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարել է հայցը։ Անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կազմակերպած՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը։ Որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել նաև Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող 50 քմ մակերեսով հողամասը վերադարձվելու է Արմավիր համայնքին։

Leave a comment