Սեպտեմբերի 24-ին ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան» առողջության կենտրոնը հյուրընկալել էր Բուենոս Այրեսի «Մխիթարյան» վարժարանի թվով 30-ից ավել սաներին ու ուսուցիչներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամներ՝ Դանիա Պապօղլեանի և Հռիփսիմե Նահապետյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Հայ Օգնության Միությունից։
Աշակերտները այցելել են կենտրոն՝ ծանոթանալու ՀՕՄ-ի բացառիկ ծրագրերից մեկի՝ Առողջության կենտրոնի գործունեությանն ու իրականացվող կարևոր առաքելությանը։
Առողջության կենտրոնի ներկայացուցիչները մեծ սիրով և հանգամանալից ներկայացրել են իրենց կառույցի գործունեությունը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտության ընտրության փուլում գտնվող վարժարանի աշակերտների շրջանում։
Կենտրոնում շրջելուց հետո աշակերտներին իրենց ջերմ խոսքն են փոխանցել ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամները՝ ողջունելով վարժարանի այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին՝ օտարության մեջ բնակվող մեր երիտասարդ հայրենակիցների մեջ սերմանած բարության, օգնելու պատրաստակամության և հայրենիքի հանդեպ սեր և կապ ապահովելու ահռելի ջանքերի համար։
Սակայն այցն առավել հուզիչ ու տպավորիչ է դարձել աշակերտների գեղեցիկ անակնկալի շնորհիվ։
Մեր սփյուռքահայ պատանիները, ցուցաբերելով մեծ նվիրում ու հոգատարություն, իրենց սեփական խնայողություններով գեղեցիկ նվերներ էին պատրաստել կենտրոնի նորաթուխ մայրիկների համար։