Օրենքով գող «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին, դատարանը 2 ամսով կալանավորեց

Օրենքով գող «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին, դատարանը 2 ամսով կալանավորեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լրատվամիջոցների տեղեկություններով, րոպեներ առաջ օրենքով գող «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին դատարանը 2 ամսով կալանավորեց: Մեր տեղեկություններով, խափանման միջոցի հարցը քննել է Քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Տեղեկացանք, որ «Օշականցի Գևորիկի»՝ նույն ինքը Գևորգ Մելիքյանի խափանման միջոցի քննությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, սակայն վերջինիս վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

Հիշեցնենք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձինք ձերբակալվել էին սեպտեմբերի 22-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ըստ ՆԳՆ-ի՝ այսպես կոչված «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ՝ այսպես կոչված «օրենքով գող»՝ Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն, պարզաբանումներ կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի և նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։

Նրանք, ըստ ՆԳՆ-ի, հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել։

Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան, իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Leave a comment