Թաիլանդը ներկայացրել է կիսահաղորդիչների ոլորտի ազգային ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2050 թվականը ներգրավել 80 մլրդ դոլար ներդրումներ և ստեղծել 230 հազար աշխատատեղ։
Ծրագրի նպատակն է մինչև 2050 թվականը ձևավորել չիպերի արտադրության ամբողջությամբ ինտեգրված ազգային էկոհամակարգ՝ տարեկան 150 մլրդ դոլար եկամտով, հայտարարել է ֆինանսների նախարար Էկնիտի Նիտիթհանպրապասը։ Նրա խոսքով՝ ռազմավարությունը ներդրողներին կապահովի հստակ երկարաժամկետ ուղենիշներով։
Թաիլանդում արդեն գործում է չիպերի արտադրության ոլորտ, որը հիմնականում կենտրոնացած է հավաքման և փաթեթավորման գործընթացների վրա։ Էկնիտին նշել է, որ ծրագիրը նախատեսում է երկրի անցումը կիսահաղորդիչների համաշխարհային մատակարարման շղթայի ավելի բարձր եկամտաբերությամբ հատվածներին։
Պետությունը կաջակցի ոլորտին հարկային արտոնությունների, կարգավորող բարեփոխումների, մասնագիտական կադրերի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների մեջ ներդրումների միջոցով:
Ռազմավարությունը կիրականացվի փուլային եղանակով։ Սկզբում նախատեսվում է ամրապնդել կիսահաղորդիչների փաթեթավորման և թեստավորման ուղղությունները, այնուհետև անցնել չիպերի նախագծմանը և կիսահաղորդչային թիթեղների արտադրությանը:
Թաիլանդը կենտրոնանալու է երեք առաջնահերթ տեխնոլոգիաների վրա՝ ֆոտոնիկա, ուժային կիսահաղորդիչներ և սենսորներ:
Ավելի վաղ Ներդրումների խորհուրդը հրապարակել էր ազգային ռազմավարությունը, սակայն այնուհետև հետ էր կանչել հաղորդագրությունը։ Հետագայում այն կրկին հրապարակվել է՝ առանց ներդրումների և զբաղվածության նպատակային ցուցանիշների փոփոխության։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։