Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել բանակում հերթական ողբերգական դեպքի վերաբերյալ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Սյունիքում։
Ըստ հաղորդագրության՝ պայմանագրային զինծառայող Դ.Կ.-ն մահացել է պայթյունի հետևանքով, իսկ դեպքի հանգամանքները քննվում են։ Տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ խոսքը նռնակի պայթյունի մասին է, իսկ դրան նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։
Ավելի ուշ պարզվեց, որ մահացածը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Դմիտրի Կյուրեղյանն է։
MediaHub-ն այսօր զրուցել է Հայրենյացի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանի հետ։ «Մեզ առայժմ հայտնի չէ թե ինչից է մահացել Դմիտրին, դա կպարզվի քննությամբ։ Նրա ծնողներին էլ ոչինչ հայտնի չէ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Դմիտրիի դին այսօր են բերել Հայրենյաց, գյուղը սգում է 23-ամյա զինծառայողի մահը։ «Դմիտրին օրինակելի ընտանիքի զավակ է։ 18 տարին լրանալուն պես համալրել է ԶՈւ շարքերում, այնուհետև պայմանագրային հիմունքներով շարունակել ծառայությունը։ Ամուսնացած չէր, նշանադրված չէր։ Նրա եղբայրն էլ է պայմնագրային ծառայող։ Ունի ևս մեկ ամուսնացած քույր»,- նշեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ 2026 թվականին սա արդեն ԶՈւ-ում արձանագրված մահվան 35-րդ դեպքն է։ Միևնույն ժամանակ, ըստ ՊՆ-ի՝ մահվան դեպքերի մի մասը ծառայության հետ կապված չի եղել։