Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին կրկին հարցաքննվում է Քննչական կոմիտեում։ Այս մասին Factor TV-ի զրույցում ասաց նրան խոսնակ Իվետա Տոնոյանը։ Ըստ նրա՝ հերթական հարցաքննությունը ևս տուժող ճանաչված իրանցի գործարարների վարույթով է։
FactorTV-ի հարցին՝ արդյո՞ք նրա պաշտպան Երեմ Սարգսյանը որպես փաստաբան ևս մասնակցում է հարցաքննությանը, Տոնոյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին Ծառուկյանը կրկին հարցաքննության էր տարվել, որի ժամանակ որոշում էր կայացվել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնել։
«Իրանի քաղաքացի տուժողը ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել որոշակի հանդիպումների Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալներ իմանալ և որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Ես ուզում եմ նշեմ, որ սա ապօրինության գագաթնակետն է»,- FactorTV-ի հետ զրույցում ասել էր փաստաբանը։
Երեմ Սարգսյանը մատնանշել էր Քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ նշվում է, որ չի կարող որպես վկա հարցաքննվել՝ կապված իր կողմից որպես փաստաբան մատուցվող ծառայությունների հետ։ Այնինչ, Սարգսյանը ոչ միայն հեռացվել էր, այլև որպես վկա կանչվել հարցաքննության։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները, Ծառուկյանը ձերբակալվեց, իսկ ՔԿ-ն ծավալուն հաղորդագրություն տարածեց։
Ծառուկյանին առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով մեղադրանքներ: Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Ծառուկյանն իրանցի գործարարներից հափշտակել է ավելի քան 21 մլն դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 127 դրամ արժողությամբ գույք։
ԲՀԿ առաջնորդն ու իր թիմը միաբերան հակադարձում են՝ սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առագրվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում էր ՔԿ հաղորդագրության մեջ։
Ռոզա Վարդանյան