«Զվարթնոցում» տաքսիից օգտվելիս ընտրեք միայն լիցենզավորված ծառայություններ․ Տեսչական մարմնի զգուշանումը

ՔՏՀԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայան ժամանող քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին հորդորում է տաքսի ծառայություններից օգտվել միայն օդանավակայանի պաշտոնական կայանատեղից՝ ընտրելով լիցենզավորված ծառայություններ։ Gործակալությունը զգուշացնում է օդանավակայանում կամ հարակից հատվածներում պատահական անձանց առաջարկած տաքսիներից օգտվելու ռիսկերի մասին։

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։

Հիշեցնենք, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։

Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝

  • մինչև յոթ տարվա արտադրության,
  • սպիտակ հիմնագույնի,
  • գործարանային վառելիքային համակարգով շահագործվող,
  • «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում,
  • սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։

Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։

Տեսչական մարմինը՝ Ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։

«Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։

Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,-նշված է հաղորդագրությունում։

Leave a comment