Մելիքյան․ Լատվիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի առաջադրանքը մեկն է (PAN.am)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի նոր ընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ ներկայացրել է թիմի տրամադրվածությունը՝ նշելով, որ առաջադրանքը մեկն է․ հաղթել, շարժվել առաջ:

Մելիքյանը նշել է, որ իրենց ցանկությունն առաջիկա խաղում հաղթանակ տանելն է։ Նա չի ցանկացել անդրադառնալ առկա խնդիրներին և կորուստներին՝ միաժամանակ ընդգծելով, որ ազգային հավաքականում հրաշալի մթնոլորտ է ձևավորվել։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի նոր ընտրական փուլի առաջին հանդիպումը Լատվիայի ընտրանու դեմ, գրում է Auroranews.am-ը:

Նրա խոսքով՝ ֆուտբոլասերները լիգայի առաջիկա հանդիպման ժամանակ տեսնելու են մարտական տրամադրվածությամբ խաղադաշտ դուրս եկած հավաքականի։

«Դուք մեզ կտեսնենք խաղադաշտում պայքարելիս, մենք էլ ձեզ ենք ուզում տեսնել՝ լեփ-լեցուն մարզադաշտ»,-ասել է Մելիքյանը։

Մելիքյանը նաև ընդգծել է, որ այս պահին հաղթանակի կարիք ունեն ինչպես Հայաստանի հավաքականը, այնպես էլ երկրպագուները։

«Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ: Ունենք խաղային պլան: Խնդիրը 4 խաղի համար պաշար ունենալն է: Մենք ունենք ներքին վստահություն: Եթե չստացվի հաղթել, ապա մենք պրոֆեսիոնալներ ենք, չեն վհատվելու, շարժվելու ենք առաջ»,- հայտարարել է Մելիքյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի նոր մեկնարկող ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն։

Leave a comment