«Հայաստանում միջին աշխատավարձ ստացող սովորական ընտանիքն այլևս ի վիճակի չէ վճարել բնակարանների վարձակալության համար սահմանված աստղաբաշխական գները»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է «Արցախի մայրիկներ» աջակցման կենտրոն ՀԿ հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։
Երևանում և հարակից բնակավայրերում վարձակալության գները հասել են ահռելի չափերի, ինչն անտանելի բեռ է դարձել հազարավոր քաղաքացիների համար։ Մարիամի խոսքով՝ հանրային խոսույթում հաճախ է շահարկվում ու թիրախավորվում այն թյուր կարծիքը, թե իբր բռնի տեղահանված արցախցիները նախապատվությունը տալիս են միայն Երևանի կենտրոնում բնակվելուն։
«Սա բացարձակ հորինվածք է և իրականության հետ որևէ կապ չունի։ Երևանում վարձակալությամբ ապրում են հիմնականում նրանք, ովքեր մայրաքաղաքում ունեն աշխատանք։ Իրականում շատերը մեծ ցանկությամբ կտեղափոխվեին մարզեր, եթե այնտեղ լինեին կայուն աշխատատեղեր և եկամտի աղբյուր։ Սակայն կարծել, թե խնդիրը միայն Երևանով է սահմանափակվում, սխալ է»։
Մարզերում նույնպես անշարժ գույքի շուկան գտնվում է բարձիթողի վիճակում. վարձակալության գներն այնտեղ էլ են անհամաչափ բարձրացել, չկա որևէ զսպող մեխանիզմ, և պետության կողմից որևէ գործուն քայլ չի ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու համար։ Միակ տրամաբանական լուծումը բնակապահովման պետական ծրագրում իրական, կյանքի պահանջներին համահունչ փոփոխություններ կատարելն է, որպեսզի մարդիկ ի վերջո կարողանան սեփական տանիք ունենալ։
«Բայց այստեղ էլ բախվում ենք մեկ այլ լուրջ խնդրի՝ գնման և շինարարության շուկան նույնպես անվերահսկելի է։ Գները հասել են աստղաբաշխական թվերի, ինչին նպաստում է նաև այն հանգամանքը, որ գործող եկամտային հարկի հետվերադարձի համակարգը գործում է մինչև տարեվերջ՝ ստեղծելով ավելորդ աշխույժ ու գնաճային ճնշում։ Եթե իրավիճակն այսպես շարունակվի, մենք կանգնելու ենք արտագաղթի նոր ու ավելի մեծ ալիքի առջև։ Մարդիկ, չկարողանալով լուծել տարրական բնակարանային հարցը, ստիպված են լինելու ելքեր փնտրել երկրից դուրս»,- ընդգծում է Մարիամ Աբրահամյանը։
Նա մեջբերում է աշխարհում ընդունված փորձը. կան անշարժ գույքի շուկան վերահսկելու և զսպելու բազմաթիվ հայտնի մեխանիզմներ՝ վարձակալության գների վերին շեմի սահմանումից ու չգրանցված պայմանագրերի դեմ պայքարից մինչև առաջարկի ու պահանջարկի պետական հավասարակշռում։ Սակայն Հայաստանում պետության կողմից որևէ քայլ դեռևս չի նկատվում։
«Սա միայն արցախցիների խնդիրը չէ. սա Հայաստանում ապրող, վարձով բնակվող յուրաքանչյուր ընտանիքի ցավն է։ Մենք որևէ հատուկ արտոնություն չենք պահանջում, մենք պահանջում ենք, որպեսզի պետությունն իրականացնի իր սահմանադրական գործառույթը, ձեռնարկի վերահսկողական միջոցներ և պաշտպանի իր քաղաքացիների սոցիալական իրավունքները։ Իսկ բռնի տեղահանվածների պարագայում այս անգործությունն ավելի խոցելի ու անպաշտպան է դարձնում առանց այն էլ ամեն ինչ կորցրած մարդկանց»,- եզրափակեց մեր զրուցակիցը։