Եմենի հյուսիսը կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) հայտարարել է, որ որպես Եմենի ուղղությամբ հասցված հարվածների պատասխան՝ հարձակումներ է իրականացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում և թագավորության արևմտյան Յանբու քաղաքում տեղակայված կարևորագույն թիրախների վրա։
«Մենք երկու հատուկ ռազմական գործողություն ենք իրականացրել՝ ի պատասխան սաուդյան ագրեսիայի. առաջինը թիրախավորել է սաուդյան հակառակորդի մայրաքաղաք Էր Ռիադում կարևոր օբյեկտ, իսկ երկրորդ թիրախը Յանբուում «Aramco»-ի օբյեկտն էր»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտնել է հուսիների ռազմական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ հարձակումների ընթացքում կիրառվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, նաև անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ հուսիների դեմ պայքարող արաբական ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիկին հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Եմենից արձակված վեց հրթիռ, որոնք ուղղված էին եղել թագավորության արևմտյան շրջաններին։