Թեհրանն իր առաջարկն է փոխանցել ԱՄՆ-ի պաշտոնյաներին երրորդ կողմերի միջնորդությամբ կայացած հանդիպման ընթացքում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրել է «The Washington Post»-ը։
«Իրանը Թրամփի վարչակազմին է փոխանցել առաջարկ, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցը կվերաբացվի, իսկ լայնածավալ պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում», – Արաղչին ասել է լրագրողների և փորձագետների խմբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ ներկայիս առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրի, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսին։
Առաջարկի համաձայն՝ բանակցությունները վերսկսելու և նեղուցը վերաբացելու համար ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ։
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Վաշինգտոնի պատասխանին։
Արաղչին նշել է, որ Թեհրանը չի շտապում, սակայն կարծում է, որ նախընտրելի կլիներ, եթե ԱՄՆ-ը համաձայներ, և բանակցությունները վերսկսվեին մինչև նոյեմբերի սկզբին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
Մինչդեռ, ԱՄՆ անունը չհրապարակած պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է «երրորդ կողմերի միջնորդությամբ ընթացող դրական և կառուցողական բանակցություններում»։
«Միացյալ Նահանգները շատ ուժեղ դիրքերում է վերահսկելով Հորմուզի նեղուցը, ուստի մենք չենք շտապում։ Անցած գիշեր նեղուցով անցել է մոտ 22 միլիոն բարել նավթ», – ասել է պաշտոնյան։