Քաղաքականություն
24.09.2026 | 22:28
ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Քսենիա Ֆեդորովայի նկատմամբ՝ Ռուսաստանի շարունակական հիբրիդային գործողություններում նրա ունեցած դերի, մասնավորապես, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) գործընթացներում ներգրավվածության համար, ինչի հետևանքով խաթարվում են ժողովրդավարությունն ու կայունությունը Եվրոպական միությունում և դրա անդամ պետություններում։
Քսենիա Ֆեդորովան ռուսաստանցի մեդիագործիչ է, Russia Today France-ի նախկին բարձրաստիճան ղեկավար։ Որպես RT France-ի նախագահ և տեղեկատվական գծով տնօրեն՝ նա մասնակցել է դրա խմբագրական քաղաքականության իրականացմանն ու տարածմանը, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի համատեքստում ռուսամետ թեզերի առաջմղմանը։
Նշվում է, որ ԵՄ-ում RT-ի հեռարձակման գործունեության կասեցումից հետո Քսենիա Ֆյոդորովան շարունակել է ֆրանսիական CNews, Europe 1 և Le JDNews լրատվամիջոցներում տարածել Ռուսաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող նարատիվներին համահունչ տեսակետներ՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմի, Ուկրաինային եվրոպական աջակցության, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետ։
Հաղորդվում է, որ այսօրվա որոշմամբ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցներն այժմ կիրառվում են ընդհանուր առմամբ 81 ֆիզիկական անձի և 20 կազմակերպության նկատմամբ։ Այսօր ցուցակում ընդգրկված անձանց ու կազմակերպությունների նկատմամբ կիրառվում է ակտիվների սառեցում, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի