Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» օրենքի պահանջներով և նպատակ ունի զարգացնել երկրի ստանդարտների մշակման ու ներդրման համակարգը։
Ծրագրի հիմնական ուղղություններից է գործող ազգային ստանդարտների արդիականացումը, ինչպես նաև դրանց համապատասխանեցումը միջազգային և տարածաշրջանային չափանիշներին։
«Նախատեսվում է գործող ստանդարտների արդիականացում, միջազգայնացում և տարածաշրջանային ստանդարտների ներդաշնակեցում, ինչը հնարավորություն կտա ունենալ միջազգային պահանջներին համապատասխանող ապրանքներ և ծառայություններ»,- նշեց Պապոյանը։
Նոր ստանդարտացման շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել ISO միջազգային ստանդարտներ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, երկրատարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ոլորտներում։
Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է ջրում պերֆտորալկիլային և այլ վնասակար նյութերի որոշման մեթոդաբանության ներդրում։ Նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն ընթացիկ տարվա ընթացքում։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան