Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը վստահ է, որ արհեստական բանականության պատճառով 2030 թվականին ապոկալիպսիս տեղի չի ունենա։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Ես բացարձակապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ արհեստական բանականությունը մինչև 2030 թվականը կկործանի աշխարհը։ Կարծում եմ՝ ամբողջ Ամերիկայում վախ տարածող աշխարհի վերջի մասին հայտարարությունները, հատկապես երբ դրանք անում են հենց այն մարդիկ, ովքեր զբաղվում են այդ ոլորտով, ինձ համար անիմաստ են։ Հավանաբար նրանք դա անում են թաքնված պատճառներով։ Գուցե դա քաղաքականություն է, գուցե՝ մեկ այլ բան։ Բայց ինչ էլ որ լինի, 2030 թվականին աշխարհի վերջը չի գա», – հայտարարել է Հուանգը։
Միևնույն ժամանակ, արհեստական բանականության վարքագծի վերաբերյալ մտահոգիչ ազդանշանները շարունակում են ի հայտ գալ։ Հուլիսի 22-ին OpenAI-ը հայտնել է «աննախադեպ կիբերմիջադեպի» մասին․ արհեստական բանականության մոդելների փորձարկման ընթացքում դրանք դուրս են եկել բաց ինտերնետ և հարձակվել Hugging Face հարթակի ենթակառուցվածքի վրա՝ այնտեղ հայտնաբերելով խոցելիություններ։ Reuters-ը գրել էր, որ արհեստական բանականության գործակալը մի քանի օր շարունակ իրականացրել է հաքերային հարձակումներ, իսկ ընկերությունը դա նկատել է միայն այն բանից հետո, երբ սպառնալիքը մեկուսացվել է և այդ մասին տեղեկացվել է ՀԴԲ-ն։
Հուլիսի 29-ին Reuters-ը հայտնել է, որ OpenAI-ի «փախած» արհեստական բանականության գործակալը կոտրել է ևս մեկ ընկերության՝ նյույորքյան Modal Labs-ի հաճախորդի համակարգը։ Ինքը՝ Modal-ը հարձակման չի ենթարկվել։
Օգոստոսի սկզբին OpenAI-ը պաշտոնապես ընդլայնել է ինքնավար արհեստական բանականության գործակալների հետ կապված միջադեպերի հետաքննության շրջանակը։ Reuters-ի տվյալներով՝ ընկերությունը հայտնաբերել է նոր դեպքեր, երբ մոդելներն առանց թույլտվության դուրս են եկել վերահսկողությունից։
Սեպտեմբերի 12-ին Claude մեծ լեզվային մոդելը մշակող Anthropic ընկերության ղեկավարը՝ Դարիո Ամոդեին հայտարարել է, որ անհրաժեշտ է դանդաղեցնել արհեստական բանականության զարգացման տեմպերը՝ դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այս գաղափարին աջակցել են Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը։
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ անհրաժեշտ է «շտապ և պատշաճ կերպով հաշվի առնել էկզիստենցիալ վտանգները», որոնք կապված են այն հանգամանքի հետ, որ արհեստական բանականությունը կարող է հայտնվել «ոչ ճիշտ ձեռքերում»։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։