Հայաստանի անվտանգային նոր ճարտարապետության, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի դերի, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերի ու պարեկային ծառայության բարեփոխումների շուրջ Factor TV-ի եթերում խոսել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ միջոցառումներին, այդ թվում՝ Բաքվում կայացած նիստերին չմասնակցելուն, պատգամավորը նշել է, որ այսօր Հայաստանը ՀԱՊԿ անվտանգային ճարտարապետության մեջ դերակատարում չունի, և առանց Հայաստանի այդ կառույցում հարցերի քննարկումը տեղին չէ։
Խոսելով ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին՝ Խաչատրյանն ընդգծել է դրա անարդյունավետությունը Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ.
«Մեր երկրի տարածքի մի մասն օկուպացված է, Հայաստանի Հանրապետության վրա եղել է հարձակում, պատերազմական իրավիճակ, և բազան, որը պարտավորվածություն ուներ օգնության հասնել, մենք չենք տեսել դա»,- նշել է նա՝ հավելելով. «Բազայի առկայությունը որևէ նշանակություն չունի մեր անվտանգային համատեքստում։ Այսինքն՝ բազան այսօր մեզ համար կենսական անհրաժեշտություն չէ»։
Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, իշխանության որևէ ներկայացուցիչ երբևէ բազան հանելու վերաբերյալ խոսակցություն կամ քննարկում չի սկսել, և այժմ պետության գլխավոր խնդիրը սեփական սահմանապահ և զինված ուժերով երկրի սահմանների պաշտպանությունն ապահովելն է։
Պատասխանելով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը միտումնավոր վախեցնում է հանրությանը պատերազմով՝ զիջումների գնալու համար, Խաչատրյանը հակադարձել է, որ իշխանությունն ընդամենը ներկայացնում է իրականությունը։
«Իրականում պատերազմի վտանգը կար… Իշխանությունը չէր վախեցնում, իրական պատկերն էր ներկայացնում իր ընտրողներին, իր ժողովրդին»,- ասել է նա։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությանը՝ նշելով, որ դա հիբրիդային գործիք է, և Հայաստանը չպետք է տրվի սադրանքներին. «30 տարվա հակամարտությունը բավականին ուժեղ իներցիա ունի, դեռևս իներցիայով այդ թշնամանքը և վատ հետևանքները մենք այսօր զգում ենք մեզ վրա։ Եվ դրանք պետք է մեղմել և չեզոքացնել… Հայկական կողմի արձագանքը շատ հավասարակշռված է և երկար քննարկված»։
Խոսելով Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների և ինքնասպանությունների մասին՝ Խաչատրյանն ընդգծել է, որ դա միայն բանակի խնդիրը չէ, այլ արտացոլում է հասարակությունում առկա վիճակը։ Որպես կանխարգելիչ գործոն՝ նա կարևորել է նաև Հայ Առաքելական եկեղեցու դերը. «Ինքնասպանությունը համարվում է մեծագույն մեղք, և եկեղեցու դերերից մեկն էլ այն է, որ քարոզելու ժամանակ նաև ինքնասպանության մասին խոսվի, որ դա մեծագույն մեղք է»։
Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը վստահեցրել է, որ անվտանգային և իրավապահ համակարգերում խորքային բարեփոխումները շարունակվում են, իսկ արդյունքները տեսանելի կլինեն միայն ժամանակի ընթացքում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան