Ուկրաինան համաձայնել է ամբողջական, անհապաղ և անպայմանական հրադադարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ կոչ անելով Ռուսաստանին անել նույն քայլը։
Ուկրաինացի դիվանագետի հայտարարությունը հնչել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, որտեղ տեղի է ունեցել Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ուկրաինայի՝ կրակը դադարեցնելու որոշման մասին նշված է ՄԱԿ-ի անդամ 51 երկրների համատեղ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը քննարկել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ամերիկյան կողմի ներկայացուցիչն ընդգծել է, որ ժամանակավոր կամ ծավալներով սահմանափակ հրադադարը չի կարող հանգեցնել հակամարտության վերջնական լուծմանը։
Սիբիգայի հայտարարության վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ դեռևս չկան։ Ռուսական կողմից հիշեցրել են, որ Կրեմլը սպասում է Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում և պատրաստ է ապահովել նրա անվտանգությունը՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով ժամանելու դեպքում։