Մոսկվայի մարզում ռեփեր Ջիգանը կրակ է բացել սեփական տանը և 9 ժամ շարունակ պատանդ պահել սպասարկող անձնակազմին և անվտանգության աշխատակիցներին, գրել են ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը՝ «Շատո Սեւերեն» փակ ավանում։ «Սայգա-9» կարաբինով զինված ու կոմուֆլյաժով Ջիգանը հավաքել է ողջ անձնակազմին հյուրասենյակում։ Պնդելով, թե իր շրջապատի բոլոր մարդիկ թշնամիներ են և ծրագրում են սպանել իրեն՝ նա պահանջել է խոստովանել տարբեր հանցագործություններ։ Նա անվտանգության աշխատակիցներից մեկին մեղադրել է մանկապղծության մեջ, ստիպել խոստովանել դա և մի քանի կրակոց արձակել նրա ուղղությամբ։ Մյուս աշխատակիցներին ռեփերը մեղադրել է անձնական տվյալների արտահոսքի մեջ, հնարավորություն տվել փախչել, ապա կրակ բացել։ Արտիստի երեխաներին հաջողվել է թաքնվել ու կապ հաստատել մոր հետ։
Փակ ավանի անվտանգության ծառայությունը չի միջամտել. դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։ Արտիստին հաջողվել է զինաթափել։ Ջիգանն Իսրայելի վերականգնողական կենտրոնում է։ Նրա նախկին կինը՝ Օքսանա Սամոյլովան, իր խնամքի տակ է վերցրել երեխաներին ու ստիպված է եղել ուժեղացնել անվտանգությունը։ Տեղի բնակիչների խոսքով՝ միջադեպն արագորեն կոծկվել է։
Mash-ի հետ զրույցում Օքսանան հաստատել է միջադեպը։