Էրդողան․ Մենք առաջ ենք շարժվել ՀՀ հետ կարգավորման հարցում (PAN.am)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հաջողություններ են գրանցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթի ընթացքում։

«Մենք առաջ ենք շարժվել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Բացի այդ, Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի։

Նրա ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, իսկ երկու երկրների սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել, և երկու կողմերն էլ հատուկ ներկայացուցիչներ են նշանակել. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

2022 թվականի հուլիսին Վիեննայում կողմերը համաձայնություն են ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ այժմ կյանքի չեն կոչվել։

2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանել է Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունն իրականացնելու շուրջ, իսկ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են արագացնել այդ գործընթացը։

Leave a comment