HRW. Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին (PAN.am)

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների պահման պայմանների մասին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ահազանգին, հայտնում է Factor.am-ը:

Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի բոլոր բանտարկյալների՝ ընտանիքների անդամների հետ կանոնավոր կապ պահպանելու, նամակներ և թույլատրված ծանրոցներ ստանալու, անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու, ինչպես նաև ամեն օր բավարար ժամանակ բացօթյա տարածքում անցկացնելու հնարավորությունը։

«Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանը, որն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնել է, որ իրեն և ևս 18 հայ բանտարկյալների զրկել են ընտանիքների հետ կանոնավոր հաղորդակցվելու, բավարար ֆիզիկական վարժություններ կատարելու, բժշկական հետազոտություններ անցնելու և ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Այդ մասին նշվել է տարածած հայտարարությունում։

Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված ուղերձով Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար՝ օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նա հայտնել է, որ «Ումբակի» բանտում պահվող որոշ բանտարկյալներ շաբաթական հեռախոսազանգ կատարելու հնարավորություն չեն ստացել, իսկ տեսազանգից օգտվել որևէ մեկը չի կարողացել։

«Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան 3 տարեկանից ավելի է և չի տեսել հորը»,- նշել է նա։

Վարդանյանը հայտնել է նաև, որ անգամ սեփական միջոցներով չի կարողացել բժշկական հետազոտություններ անցնել, նոտարական ծառայություններից օգտվել կամ իր բողոքներին գրավոր պատասխաններ ստանալ։ Նրա փոխանցմամբ՝ բանտարկյալներին շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 20-40 րոպեով, թույլատրել են դուրս գալ բացօթյա տարածք՝ օրական նախատեսված մեկ ժամի փոխարեն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշել է, որ ներկայացված այս պնդումներն այս պնդումներն անկախ կերպով չի ստուգել։

Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է այն մեղադրանքները, որոնց համաձայն՝ բանտարկյալների իրավունքները խախտվել են։

Բանտարկյալների և նրանց ընտանիքի անդամների միջև հաղորդակցությունն ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին երկրում փակել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԿԽՄԿ-ի պատվիրակության գրասենյակը։

ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևում տեղակայված իր ներկայացուցիչներն անցած դեկտեմբերին այցելել են ձերբակալվածներին, նրանց հետ առանձնազրույցներ են անցկացրել, ընտանիքների անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տրամադրել, ինչպես նաև գնահատել են նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Սակայն դրանից հետո այցելությունները դարձել են ավելի անկանոն։

ՀՌԴ-ն հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ավելի քան 100,000 էթնիկ հայերի հետ նույն ժամանակահատվածում, որոնք տարածաշրջանը լքել են Ադրբեջանի կողմից այն ռազմական ուժով գրավելուց հետո։

Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 17-ին Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ այդ թվում ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։ Դատավարությունն արդար դատաքննության ապահովման վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են մնացել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։

Բացի այդ, կազմակերպության գնահատմամբ՝ Ադրբեջանը պետք է ԿԽՄԿ-ին կանոնավոր մուտքի հնարավորություն տրամադրի հակամարտության հետ առնչվող ձերբակալված անձանց մոտ։

«Անկախ նրանից, թե որքան ժամանակ դեռ պետք է անցկացնենք Ումբակիում, ես խնդրում եմ ձեզ՝ գոնե պահպանեք ձեր իսկ օրենքները»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ գերի է պահվում, որոնցից 16-ի մասով կա դատավճիռ՝ նրանք դատապարտվել են ցմահ կամ տևական ազատազրկման: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Leave a comment